Edith's blog

Category: Stories (page 1 of 1)

Գիտավանյան հին զրույցներ

(հատվածներ)

Հայաստան աշխարհում մի փոքրիկ անկյուն կա, անտեսված գուցե, բայց կարևոր մի վայր, որտեղ անտրտունջ գյուտարարն է ապրում, դրկից են ու հարազատ իրար գիտնականը, հողագործը, անտառաճանաչը, իսկական մարդիկ, բոլորը բարի ու հավասար։ Այնտեղ, որտեղ կանաչուտ է ու մաքուր օդ, հայկական շնչով է ամեն տուն։ Մի քանի շենքեր են, բնակիչները մի տան պես ապրում են, կիսում իրար հոգս ու երջանկություն։

Հիմա Գիտավանի օդում յասամանի բույրն է, ամպերին նայելիս էլ թվում է, թե էլ ոչ մի տեղ չկա տեսարանի նմանը։ Թփերը խիտ-խիտ շարվել են, թեթև հովից էլ խշշում են ու սիրտս լցնում գիտավանյան մաշված – սիրված զրույցներով։

Խորենի «բարի լույս»-ով էր սկսվում օրը Գիտավանում։ Առաջին վաղ արթնացողներից էր, որովհետև կովերին ջուր պիտի հասցներ ու տաներ արոտ։

_ Վիտալի՜, բարլուս։ Էտ ինչըղ էլի առավոտ շուտ կծխիս, թարգա այ մարդ։

Խորենը հարևանության կարևոր գույներից է, կիսաճերմակ գլխով շատ բան է անցել, բայց հումորը միշտ գրպանում է քաղցր շաքարի պես։Նա  խոսում է կեսբարբառով կամ կեսգրական բառերով համեմում խոսքը։

Պատշգամբում  ժպտադեմ ծխում է ու ագահորեն սուրճը կուլ տալիս մյուս հարևանս՝ բարի Վիտոն։ Կյանքի խաղում միամիտ է Վիտոն, փոքրիկ երեխայի պես էլ նայում է աշխարհին։ Իր բաժին բախտն էլ դա է։ Չունի դժգոհություն, չի չարանում։ Բայց  նրանից չէ, որ հարուստ ու անդարդ է, հակառակը․․․ Չգիտեմ՝ քանի տարեկան է, բայց ինչպես ինքն է ասում՝ «իմ թայերը թոռ ունեն»։

Արևի հետ դուրս է գալիս պատշգամբ, երեկոյան արևի հետ գնում տուն Վիտոն։ Ծանոթ-անծանոթ անցորդ անպայման արժանանում են նրա բարևին։ Նրա գործն էլ այս աշխարհում արևի պես է՝ ջերմություն, բարություն, մի կտոր լույս կտա։ Պատրաստակամ է, անկախ տարիքից՝ ինքը կվազի հարևանի կանչին, կգնա նրա համար խանութից հաց կամ կարագ կբերի, թե մեկն էլ մի քաղցր, համով բան շնորհակալության փոխարեն մեկնի, Վիտոն վերցնելիս երեխայի պես կամաչի, կուրախանա։

 Ահա Խորենը, առաջն առած կովերին, հետները խոսելով, ժպտադեմ քայլում է ծառերի միջով, որտեղով և մոտակա ինստիտուտ աշխատանքի են գնում մյուս հարևաններս։ Ինչպես ասում են, նրանք էլ գիտությամբ են զբաղվում, համեստ ու գլխիկոր մարդիկ։

 Ահա այսօր էլ ճանապարհը նույն կածանով մեկտեղվել էր։ Որպես աշխարհ տեսած մարդ՝ Խորենն այս անգամ էլ սկսեց համայն աշխարհից խոսել ու իր կարծիքն ասել Պուտինի և հայոց բանակի մասին։  Հարևանը լսում էր թե չէր լսում, դժվար էր կռահել նրա մեղմ ժպիտից։

Ժամ ժամի Գիտավանն աննկատ լցվում էր մանկան ձայն ու աղմուկով՝ խլացնելով հարևաններիս զրույցը հեռվում։ Հետո օրը սկսում էր եռալ։

***Անժելի տղան փոքր էր, մի շեկլիկ ու խելոք տղա։ Գոհարի Արթուրը շատ չարաճճի էր, մի օր եկավ – լացացրեց էս խեղճին, ասաց՝ լացի՛, նա էլ ասաց՝ «չե՜մ լացիիի» ու լացելով գնաց տուն։ Անժելը դուրս եկավ ՝ «քա Արթուր, արի ստեղ, Էդոն մեռե՞, որ կըսես Արման լացի»։ Իսկ Էդոն Արթուրի հայրն է․․․

***Երկու քույր են ապրում երկու շենք ներքև, երկուսն էլ ամուսնացած չեն,տարիքն առած, Բաքվից էին գաղթել  ու բախտով հասել այստեղ, Խորենն էլ խղճացել է, մի փեսացու գտել, եկել ասում է՝ «Անյա եք, Նոնյա եք, գյա որ մեկդ որ կուզեք, ծանոթացնեմ, ամուսնացեք, գացեք-ապրեք ձեր հըմար», քույրերն էլ կոպիտ մերժում են կիսահայերեն՝ «նյետ, չյենք ուզում»։ Խորենն էլ բարկացել է՝ «դե գացեք,մացեք տանը,հըը՜ ․․․»։

***

Երեկոյան Խորենը վերադարձավ գինովցած, բակում հանիպեց հարևանուհուն, բարևեց, խոնարհվեց,թե՝ «իմ անուշ հարևան, դու գինաս ես ինչքան կսիրիմ ձեզի»,բայց խոսքի կեսը բերանում ՝ երկրորդ հարկի պատշգամբից լսեց կնոջ ձայնը՝ «վայ քեզ մարդ ասողի,Խորեն տղա, հորթը ո՞ւր թողիր – եկար»։ Խորենը կնոջը թողեց անպատասխան, հարևանուհուն ասաց՝ «հարևան ջան, իմ կնիկնա, ոչինչ, թող ջղայնանա, ես ներողական մարդ իմ»․․․ Անոն էլ՝ Անիչկան, մի ուրիշ սիրուն գույն է, քաղցր ձայն ունի, երբ փոքր էի, միասին հաց էինք ուտում հարևաններով,Անոն երգում էր՝ «ճամփորդ ես, ճամփի՜դ ղուրբան »․․․ ես ուզում էի մի ուրախ՝ ինձ հասկանալի երգ երգեր, չէի սիրում էդ երգը, իսկ հիմա կարոտում եմ․․․

***

Առվակը քչքչալով հոսում էր ու ծիծաղ տալիս։

Դիմացի շենքի պատուհանը

Հայաստանում մեր տան պատուհանը բացվում է բնության գրկում, դիմացը շենք չկա, ծառեր են, թուփ ու ծաղիկ մինչև խորախոր անտեսանելի հատվածը․․․ Ու ինձ համար անսովոր է ապրել այժմ բարձրահարկում, որի դիմաց շենք կա, որի պատուհանները կամ պատուհաններում ապրող կյանքերը նայում են իրար։

Անսովոր է ու հետաքրքիր երբեմն։

Օրեր առաջ երեկոյան ձյուն էր մաղում, երբ լուսավորվեցին փողոցները լույսիկներով դեղնավուն, լուսավորվեց նաև դիմացի տներից մեկի  ճաշասենյակը, և պատուհանից տեսանելի դարձավ տան ներսը։ Ես հանկարծ նկատեցի այնտեղ ապրող տարեց մի զույգի, անդորրավետ հայացքով նայում էին իրար։ Սեղանը դրված էր պատուհանին շատ մոտ, ծաղկակար վարագույրը, երկու մասի  կիսահավաք, թույլ էր տալիս բաժին վերցնել գեղեցիկ տեսարանից։ Նրանք նստել էին մեկմեկու մոտիկ ու էնպես էին դրել աթոռները, որ լինեն դեմուդեմ։ Խնամքով ու հետաքրքրությամբ նայում էին իրար խոսելիս, շոյում մեկը մյուսի ձեռքը։ Զրուցում էին ու ճաշում, ու բնականաբար ինձ լսելի չէր նրանց ձայնը նման հեռավորությունից ու ձմեռվա շնչից վախեցած փակ պատուհանից, բայց ես զգում էի, թե ինչ քաղցր ու տաք են խոսում․ ջերմացնող էր։

 Տղամարդը, որ ալեհեր էր, կնճիռներով, կքած-ծերացած, երիտասարդի ժպիտով ու կեցվածքով հյուրասիրում էր կնոջը, կինը ճերմակած գլուխը հակում էր ամաչելով, ժպիտով հավանության նշան տալիս։

Ճաշից հետո անջատվեց լույսը։ Ես մնացի ժպիտով, մտորումներումս անուններ հորինեցի նրանց համար, ենթադրեցի, որ իբր գնացին` միասին գիրք կարդալու քնից առաջ կամ հին նկարներով ալբոմ նայելու․․․

Կանադա, 2020

Ձմեռվա բլյուզ

Watercolor by Peto Poghosyan

Old and new
Watercolor on paper by Peto Poghosyan

Ձյունը համբուրում էր բաց գլուխը։ Չէր էլ հասցնում  աչքերով կուլ տալ երկնքի հրաշքը, թարթիչներին խաղում ու ծանրանում էին փաթիլները։ Սկսեց մրսել, բաց պարանոցին զգաց սառնությունն ու մատները բնազդաբար տարավ գրպանը, փնտրեց, չգտավ․․

Անցնում էին մարդիկ անտարբեր ՝ փութալով հասնել ժամ առաջ տուն։ Մնացել էին հաշված ժամեր։ Նստել, լուռ հետևում էր խառնիփնթոր անցնորդներին։ Ո՞ւր են շտապում..

Իսկ ի՞նքը։ Քաղաքը,կարծես, բոլորինն էր ու իրենը չէր։ Պարզ հայացքը մշուշվեց, աչքերը ջուր առան․ ցրտի՞ց էր։ Բարի ու հանգիստ ժպիտը խաղաց դեմքին։ Հիշեց, թե ինչպես վարդագույն օրերում հպարտանում էին իրենով, սիրում, գնահատում։ Ինչպես էին անցնելիս մոտով բարի ժպտում։ Հո՞գս․ հոգսը միշտ էլ կար, պարզապես հոգսը չէր չարացնում այն ժամանակ։ Այսօր ուրիշ է, անճանաչելիորեն ուրիշ։ Դրկիցին չէր ճանաչում, կարոտում էր հներին, երբ կողք կողքի պատմություն էին հյուսում միասին։

Ինչո՞ւ եղավ այսպես։ Ինչո՞ւ  է  ջնջվում պատմությունը, չէ որ անցյալը միշտ էլ ներկայի հայելին է եղել․․

– Դու դեռ այստե՞ղ ես,- լսվեց դիմացի անկյունից վեր խոյացած, նորաձև ու երկայնահասակ դրկիցի ձայնը։

– Ես միշտ եմ լինելու,- պատասխանեց խռովված ձայնով։

– Դու անտեր ես, ինչպես և մենք, դու կգնաս, քեզ կմոռանան, մեզ էլ են մոռանալու, ուղղակի քեզ տարեցները շուտով կտանեն իրենց հետ, մենք երիտասարդների գլխում ենք դեռ։

– Իսկ քաղաքը․․կարծում ես ՝ չի՞ հիշելու ինձ, ինձանից առաջ գնացած իմ ընկերներին։Քաղաքն ունի՛ հիշողություն, քաղաքը կպատմի նոր սերունդներին․․

Սլացող մեքենան իր մայթակուլ աղմուկով խլացրեց դրկիցների ձայնը։

Ձմռան պարզկա գիշերը վերջին «բարի գիշեր»-ը բերեց նրան, բայց նա աչք չփակեց։  Կարոտն էր փորձում առնել, քամում էր հիշողությունները։ « Ո՞ւր են տերերս, ինչո՞ւ անտեր մնացի »։

– Կարաբալա՛․․ Կարաբալա՛․․

– Այստեղ եմ, դեռ այստեղ եմ․․

– Խնդրում եմ, եղի՛ր․․դու պիտի ամեն եկող սերնդի ամեն ծաղկիդ հետ տաս մեր քաղաքի շունչը, բոլորի հետ հիշիր նաև ինձ․․խնդրում եմ, եղի՛ր, ընկերս․․

– Ես էլ եմ անտեր, մենք անիծված ենք, մեզանից առաջ գնացած մեր ընկերներն անիծել են ․․

– Չէ-չէ՛․․

Չկարողացավ խոսքը շարունակել  ծերուկը, լուռ գրկեց զամբյուղն ու անճարությունից արցունքները խեղդեց գիշերվա մթության մեջ։

Միամիտ քաղաքը քուն մտավ։ Ու ժամեր անց առավոտվեց ձմեռվա  սառն, անտարբեր, փշաքաղեցնող «բարի լույս»- ով․․

Արամի 30,

2016 թվական