Edith's blog

Category: Famous Armenian Authors (page 1 of 1)

Վահան Տերյան

Դու հպարտ չես, իմ հայրենիք,
Տրտում ես դու և իմաստուն.
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հմայող ու հին խոստում:

Եվ միթե այդ վշտիդ համար
Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ,
0, հայրենիք դառն ու անուշ…

Չշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փայլով երբեք.-
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ.
Եվ երգերըդ մեղմ ու բեկբեկ:

Խեղճությունդ խավար ու լուռ,
Աղոթքներդ դառն ու ցավոտ,
Զանգակներիդ զարկը տխուր,
Եվ խուղերիդ լույսերն աղոտ…

Դառնացած ժողովուրդ

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան

Քառյակներ


Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։
1890

Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։
1890

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։
1916, Հունիս

Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։
1916, Հունիս

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։
1916, Հունիս

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։
1917, Հունվարի 15

Առատ կլինի կինը արդ,
Կնկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։
1917 Հունվարի 16

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։
1917, Հունվարի 16

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։
1917, Փետրվարի 9

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։
1917, Նոյեմբերի 7

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ –
Մահը բռնում հանցավոր։
1917, Նոյեմբերի 10

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։
1917, Նոյեմբերի 11

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։
1917, Նոյեմբերի 11

Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։
1917, Նոյեմբերի 30

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
1917, Դեկտեմբերի 24

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։
1917, Դեկտեմբերի 24

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…
1917, Դեկտեմբերի 24

Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։
1917, Դեկտեմբերի 26

Հոգիս` տանը հաստատվել –
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։
1917, Դեկտեմբերի 27

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
1918, Հունվարի 4

Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։
1918, Հունվարի 25

Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր էչն է միշտ հնչում,
Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում։
1918, Հունվարի 26

Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր։
1918, Փետրվարի 2

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
1918, Փետրվարի 2

Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։
1918, Փետրվարի 4

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
– Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։
1918, Փետրվար

Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմբին,
Լոռու հանդում մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին։
1918, Փետրվար

Կըլթացնում են, արտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում։
1918, Հունիս
 

…Կյանքն ահա.-
Սընունդ, ծընունդ մինչև մահ,
Մընացածը ողջ նըրանց
Կամ հաճույքն են և կամ ահ։
1918, Օգոստոսի 30

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։
1918, Նոյեմբեր

Նա մի առյուծ, ես մի գառ
Իմ սրտի հետ խելագար
Անհավասար կռվի մեջ,
Քարշ եմ գալի ես տկար։
1919, Հունվարի 25

Մեռա՜ն, մեռա՜ն … Եվ, ահա,
Խառնվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
«Կան ու չկան» ես հիմա։
1919, Հոկտեմբերի 8

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…
Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…
1919 Նոյեմբերի 21

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
1919, Նոյեմբեր

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
1919, Նոյեմբեր

Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։
1919, Նոյեմբեր

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ։
1919, Դեկտեմբերի 6

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։
1919, Դեկտեմբերի 8

Մեր կյանքը- կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն
տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ – հոգիանալու նորեն,
Նյութից զատված, անմահ աստած- վերադառնալ դեպ իրեն։
1919

Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։
1920, Փետրվարի 4

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կենքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
1920, Մայիսի 12

Լուսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի հողն եմ ես հակվում.
Էսպէս էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի` չորանում է օրեցօր։
1920, Նոյեմբերի 24

Առատ, անհատ` Աստծու նըման` միշտ տեղալուց հոգն էլ եմ ես.
Հոգիս ծարավ` սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես։
1921, Փետրվարի 7

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նրա անլուռ կանչն ու շունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունչը ամենուր։
1921, Փետրվարի 14

Արյունալի աղետներով,
աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները
մեքենայի և ոսկու`
Իրենց հոգու անապատից
խուսափում են խուռներամ
Դէպ Արևելքն աստվածային`
հայրենիքը իմ հոգու…
1921, Մայիսի 1

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
1921, Մայիսի 2

Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
1921, Մայիսի 3

Ասի. «Հէնց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ»…
Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.
– Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես:
1921, Մայիսի 6

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ`
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նրա մոտ…
1921, Մայիսի 16

Բարձր է հնուց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ՝
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարեդար։
1921, Մայիսի 21

Ո՜վ անճառ մին, որ ամենին
միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում
անտես, անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ`
Էս աշխարհքում քեզանով,
Ողջը քո մեջ` անմա՜հ, անվերջ`
քեզ են երգում քո ձենով…
1921, Օգոստոսի 3

Աստծու բանտն են տաճարները- աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։
Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։
1921, Օգոստոսի 25

Կյանքս արիր հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…
1921, Սեպտեմբերի 5

Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամէնքի սերն` ավազան.
Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կնքողը Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
1921, Հոկտեմբեր

Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում։
1921

Աղբյուրները հընչում են
ու անց կենում,
Ծարավները տենչում են
ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին
երազուն`
Պոետները կանչում են
ու անց կենում։
1922, Հունիսի 9

Ի՜նչ իմանաս ըստեղծողի
գաղտնիքները անմեկին.
Ընկեր տըվավ, իրար կապեց
Էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ,
մե՜ն ու մենակ իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անի
ամեն մեկին ու կյանքին։
1920, Մարտի 30

Էնքան շատ են ցավերն,
ավերն իմ սըրտում,
Էնքան տըրտում կորան լավերն
իմ սըրտում…
Չեմ էլ հիշում չար ու խավար
էս ժամին`
Ե՛րբ են փայլել ուրախ օրերն
իմ սըրտում։
1922, Հուլիսի 12

Խայամն ասավ իր սիրուհուն.- «Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմա…»:
Հեյ ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։
1920, Ապրիլի 6

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին ճամփաներ։
1922

― Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։
1922, Հուլիսի 8

– Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։
1922, Օգոստոսի 24
 

Ո՞ւր հեռանաս, կոխած տեղերդ արյունոտ.
Ո՞ւմ մոտ գնաս, ծանոթդ, ընկերդ արյունոտ.
Ո՞նց մոռանաս էս աշխարհքը արյունոտ,
Երգ ես լսում, լսած երգերդ արյունոտ։

1918, Հուլիսի 12

Ատում եմ

Ատում եմ ձյունը,

 Թե նա տեղում է ամառվա կեսին,                

  Եվ մահն եմ ատում,

 Թե հյուր է գալիս աղջկատեսին,                   

Մահից ոչ պակաս՝

 Եվ ա՛յն քողարկված մենատնտեսին,             

 Նրա՛ն ու նրա՜նց, 

Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝ 

Իրենց պետք եկած գերանի համար, 

Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝

 Մի բուռ չհասած ծիրանի համար, 

Ովքեր համայնքի ծովից են խոսում, 

Բայց դեպի իրենց լճակն են հոսում…  

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ – փուսիկությունը,

 Որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից, 

Եվ այն հարկադի՛ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,

 Որ ստացվում է… ցած առաստաղից: 

 Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,

 Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,

 Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում…               

    Ա՛յն գործն եմ ատում, 

Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,                   

Ա՛յն փորձն եմ ատում, 

Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,              

    Ա՛յն դավանանքը, 

Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,                

  Գլխացավանքը, 

Որ փոխարկվում է սուր գլխացավի…  

Խավարն եմ ատում, եթե խավարում 

Ո՛չ միտք է ծնվում և ո՛չ էլ զավակ:

 Եվ լույսն եմ ատում, թեկուզև պայծառ, 

Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք…  

Ի՞նչ խոսքեր ասեմ այն ձեռագրին, 

Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:

Ատե՞մ, թե խղճամ այն տարեգրին,                

  Որ նյութ է սարքում,        

          Ոչ թե հավաքում: 

Խղճա՞մ, թե ատեմ այն տարագրին,

 Որ միշտ ապրում է… իր հայրենիքում…  

Թո՜ւհ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,

 Ես չգիտեի… 

Պարույր Սևակ

Գարունդ հայերեն է գալիս


Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս,
Հայերեն են հորդում ջրերդ:
 
Հավքերդ երգում են հայերեն,
Խոփերդ հերկում են հայերեն,
Հայերեն են տոկում գրերդ:
 
Արևդ հայերեն է ծագում,
Ծառերդ հայերեն են ծաղկում,
Հայերեն են պայթում բառերդ:
 
Հունդերդ ծլում են հայերեն,
Ձեռքերդ կռում են հայերեն,
Հայերեն են լռում քարերդ:
 
Ձորերդ հայերեն են շնչում,
Զոհերդ հայերեն են ննջում,
Հայերեն են տանջում ցավերդ:
 
Որքան ել ձեռից գնացել,
Դու էլի հային ես մնացել,
Հայերեն են հառնում սարերդ:
 
Թող աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ ել պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ:

Համո Սահյան / Hamo Sahyan was an Armenian poet and translator

Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար,սիրելիս

Շատ մի տխրիր, շատ մի խնդար, սիրելիս,

Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի,

Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,

Բոլոր իրերն ու աստղերը անհունի։

Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,

Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի․

Լացը ժպիտ ու սերը ցավ համարե,

Թե որ ապրես, կյանքդ ինչու՞ համար է։

Ա՜խ, մի՛ տխրիր, վիշտը կանցնի՝ այդ ոչինչ,

Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի,

Շատ մի հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,

Կյանքն էլ կանցնի, այդ որ ոչինչ ու ոչինչ։

Ավ․ Իսահակյան