Edith's blog

Author: Edith Artsruni (page 2 of 2)

Լյուդվիգ վան Բեթհովենի նամակը իր հավերժական սիրուն

cropped-feather-writing-vector-990028.jpg

Բարի լույս, 7-ը հուլիսի

Դեռ անկողնում իմ մտքերը դեպ քեզ են ձգվում, իմ անմար սեր,  մեկ երջանկավետ ու հետո նորից տխրալի՝ սպասելով ճակատագրի արձագանքին, թե արդյոք նա կլսի մեզ․․ Ես ապրում եմ, երբ քեզ հետ եմ, հակառակ դեպքում չկամ․․․ Այո, ես  որոշել եմ թափառել հեռուներում, մինչև  կկարողանամ ճախրել քո թևերով և զգալ խաղաղ  ինքնությունս տանը  քեզ հետ և կարող եմ քո մեջ դաջած հոգիս ուղարկել  հոգիների թագավորություն։ Այո, ցավում եմ, բայց դա պետք է լինի։ Դու կստանաս ավելին, զի դու գիտես իմ անկեղծությունն առ քեզ, երբեք մեկ ուրիշը չի կարող գրավել իմ սիրտը, երբեք-երբե՛ք։ Աստված իմ, ինչու՞ պետք է մեկը հեռու լինի նրանից, ում սիրում է այդքան․ թշվառ մի կյանք։ Քո սերն ինձ դարձնում է ամենաերջանիկն ու ամենատխուրը միևնույն ժամանակ։ Իմ տարիքում ես կարիք ունեմ հանգիստ ու կայուն կյանքի, կարո՞ղ է այդպես լինել մեր դեպքում։ Հրեշտակս, լսել եմ,որ փոստը գործում է ամեն օր, այսպիսով դու միանգամից կարող ես ստանալ նամակը։ Հանդարտվիր , սիրիր ինձ՝ այսօր, երեկ․․․

Արցունքոտ կարոտս քեզ , իմ կյանք, իմ ամեն, առայժմ։ Շարունակիր սիրել ինձ, երբեք մի՛  կասկածիր սրտի անկեղծությանը

քո սիրելիի․․

Սիրում եմ

հավերժ քոնը

հավերժ  իմս

հավերժ  մերը

/ Անգլերենից թարգմանությունը՝ իմ 🙂

Ձմեռվա բլյուզ

Watercolor by Peto Poghosyan

Old and new
Watercolor on paper by Peto Poghosyan

Ձյունը համբուրում էր բաց գլուխը։ Չէր էլ հասցնում  աչքերով կուլ տալ երկնքի հրաշքը, թարթիչներին խաղում ու ծանրանում էին փաթիլները։ Սկսեց մրսել, բաց պարանոցին զգաց սառնությունն ու մատները բնազդաբար տարավ գրպանը, փնտրեց, չգտավ․․

Անցնում էին մարդիկ անտարբեր ՝ փութալով հասնել ժամ առաջ տուն։ Մնացել էին հաշված ժամեր։ Նստել, լուռ հետևում էր խառնիփնթոր անցնորդներին։ Ո՞ւր են շտապում..

Իսկ ի՞նքը։ Քաղաքը,կարծես, բոլորինն էր ու իրենը չէր։ Պարզ հայացքը մշուշվեց, աչքերը ջուր առան․ ցրտի՞ց էր։ Բարի ու հանգիստ ժպիտը խաղաց դեմքին։ Հիշեց, թե ինչպես վարդագույն օրերում հպարտանում էին իրենով, սիրում, գնահատում։ Ինչպես էին անցնելիս մոտով բարի ժպտում։ Հո՞գս․ հոգսը միշտ էլ կար, պարզապես հոգսը չէր չարացնում այն ժամանակ։ Այսօր ուրիշ է, անճանաչելիորեն ուրիշ։ Դրկիցին չէր ճանաչում, կարոտում էր հներին, երբ կողք կողքի պատմություն էին հյուսում միասին։

Ինչո՞ւ եղավ այսպես։ Ինչո՞ւ  է  ջնջվում պատմությունը, չէ որ անցյալը միշտ էլ ներկայի հայելին է եղել․․

– Դու դեռ այստե՞ղ ես,- լսվեց դիմացի անկյունից վեր խոյացած, նորաձև ու երկայնահասակ դրկիցի ձայնը։

– Ես միշտ եմ լինելու,- պատասխանեց խռովված ձայնով։

– Դու անտեր ես, ինչպես և մենք, դու կգնաս, քեզ կմոռանան, մեզ էլ են մոռանալու, ուղղակի քեզ տարեցները շուտով կտանեն իրենց հետ, մենք երիտասարդների գլխում ենք դեռ։

– Իսկ քաղաքը․․կարծում ես ՝ չի՞ հիշելու ինձ, ինձանից առաջ գնացած իմ ընկերներին։Քաղաքն ունի՛ հիշողություն, քաղաքը կպատմի նոր սերունդներին․․

Սլացող մեքենան իր մայթակուլ աղմուկով խլացրեց դրկիցների ձայնը։

Ձմռան պարզկա գիշերը վերջին «բարի գիշեր»-ը բերեց նրան, բայց նա աչք չփակեց։  Կարոտն էր փորձում առնել, քամում էր հիշողությունները։ « Ո՞ւր են տերերս, ինչո՞ւ անտեր մնացի »։

– Կարաբալա՛․․ Կարաբալա՛․․

– Այստեղ եմ, դեռ այստեղ եմ․․

– Խնդրում եմ, եղի՛ր․․դու պիտի ամեն եկող սերնդի ամեն ծաղկիդ հետ տաս մեր քաղաքի շունչը, բոլորի հետ հիշիր նաև ինձ․․խնդրում եմ, եղի՛ր, ընկերս․․

– Ես էլ եմ անտեր, մենք անիծված ենք, մեզանից առաջ գնացած մեր ընկերներն անիծել են ․․

– Չէ-չէ՛․․

Չկարողացավ խոսքը շարունակել  ծերուկը, լուռ գրկեց զամբյուղն ու անճարությունից արցունքները խեղդեց գիշերվա մթության մեջ։

Միամիտ քաղաքը քուն մտավ։ Ու ժամեր անց առավոտվեց ձմեռվա  սառն, անտարբեր, փշաքաղեցնող «բարի լույս»- ով․․

Արամի 30,

2016 թվական