Մնա՜, էլի՜ մնա, Մնա ինձ հետ, Մարմնիս վրա, Ձեռքերիս մեջ, Թևատարա՜ծ, Բավարարվա՜ծ, Խենթ ու խելա՜ռ, Ու հևասպառ: Մնա սիրով Ու նվաղած, Եվ գիշերով Ցանկապատված, Սրտիս վրա, Առանց ամոթ, Մնա կրքոտ, Մե՜րկ համարյա: Այդպե՜ս մնա, Չհագեցած, Կյանքիս վրա, Ձեռքս սեղմած, Գիսախռիվ, Մարմնակործա՜ն, Հե՜զ, անխռո՜վ, Ու ինքնիշխան: Այսետղ մնա, Բառ մի ասա, Հրճվիր, ցնծա, Մաշկիս վրա, Հույսի գրկում Ու գիշերվա, Մինչև դրսում, Լույսը բացվեր, Իմ սե՜ր, իմ սե՜ր…
Շառլ Ազնավուր
Original Title: “Reste“ Year: 1965
Stay Stay some more With me Over my body In my arms Embraced Out of breath Assuaged Dazed Stay in the warmth Languid In the enclosure Of the night. Over my heart Without modesty Passionate Almost naked Stay like that Hungry for more Over my life Between my hands Hair in a mess possessed stretched out relaxed Stay there Without a word On your joy Over my skin In hope In the dark Up to the morning My love
Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։ Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։ Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։ Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։ Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։ Նայեցե՛ք։ Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։ Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։ Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։ Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։ Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։ Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։ Ինչո՞ւ է էսպես։ Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։ Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։ Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։
Ե՛տ չեկավ… Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ, Անկուշտ մահին, սև հողին Գերի մնաց, ետ չեկավ։ 1916, Հունիս
Հիմի բացե՜լ են հանդես Երգիչները իմ անտես Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ, Ո՞վ է արդյոք լսում ձեզ։ 1916, Հունիս
Երկու դարի արանքում, Երկու քարի արանքում, Հոգնել եմ նոր ընկերի Ու հին ցարի արանքում։ 1917, Հունվարի 15
Առատ կլինի կինը արդ, Կնկնի էգի գինը արդ, Կբարձրանա նրա տեղ Ազատ, անկախ կինը մարդ։ 1917 Հունվարի 16
Մինչև էսօր իմ օրում Մարդ չեմ տեսել ես շորում. Մարդը մերկ է ու անինչ, Սիրտ ունի լոկ իր փորում։ 1917, Հունվարի 16
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր, Լիքն ակունքով հազարավոր. Իմ զայրույթը լիքն է սիրով, Իմ գիշերը` լիքն աստղերով։ 1917, Փետրվարի 9
Քանի՜ մահ կա իմ սրտում, Թափուր գահ կա իմ սրտում. Չէ՛, դու էլ ես մահացու. Մահի ահ կա իմ սրտում։ 1917, Նոյեմբերի 7
Կյանքից հարբած անցավոր, Ահա դարձյալ անցավ օր, Դու վազում ես դեպի մահ – Մահը բռնում հանցավոր։ 1917, Նոյեմբերի 10
Ե՛տ եկե՜ք… Գարնան վարար գետ եկե՛ք Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր, Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։ 1917, Նոյեմբերի 11
Հին աշխարհքը ամեն օր Հազար մարդ է մտնում նոր, Հազար տարվան փորձն ու գործ Ըսկսում է ամեն օր։ 1917, Նոյեմբերի 11
Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք, Քանի՛ օրվա հյուր ընկանք, Սերն ու սիրտն էլ երբ չկա` Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։ 1917, Նոյեմբերի 30
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես, Տարել, ներել ու սիրել,- Վատը` լավ եմ տեսել ես։ 1917, Դեկտեմբերի 24
Քանի՜ ձեռքից եմ վառվել, Վառվել ու հուր եմ դառել, Հուր եմ դառել` լույս տվել, Հույս տալով եմ սպառվել։ 1917, Դեկտեմբերի 24
Երազումս մի մաքի Մոտս եկավ հարցմունքի. ― Աստված պահի քո որդին, Ո՞նց էր համը իմ ձագի… 1917, Դեկտեմբերի 24
Մընացել է բերդը մեզ, Հաղթանակի երթը մեզ. Անց են կացել` ով կային, Հիմի կգա հերթը մեզ։ 1917, Դեկտեմբերի 26
Հոգիս` տանը հաստատվել – Տիեզերքն է ողջ պատել. Տիեզերքի տերն եմ ես, Ո՞վ է արդյոք նկատել։ 1917, Դեկտեմբերի 27
Ո՜նց է ժպտում իմ հոգին Չարին, բարուն,― ամենքին. Լույս է տալիս ողջ կյանքիս Ու էն ճամփիս անմեկին։ 1918, Հունվարի 4
Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ, Հազար բանի ետև, սի՛րտ, Ես ո՞նց հասնեմ հազար տեղ Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։ 1918, Հունվարի 25
Իմ սո՜ւր, արթուն ականջում Մի խոր էչն է միշտ հնչում, Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով Իրեն մոտ է ինձ կանչում։ 1918, Հունվարի 26
Մի հավք զարկի ես մի օր. Թըռա՜վ, գընաց վիրավոր։ Թըռչում է միշտ իմ մըտքում Թևը արնոտ ու մոլոր։ 1918, Փետրվարի 2
Լինե՜ր հեռու մի անկյուն, Լինե՜ր մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ, Հաշտ ու խաղաղ մարդկություն։ 1918, Փետրվարի 2
Երկու շիրիմ իրար կից, Հավերժական լուռ դըրկից, Թախծում են պաղ ու խորհում Թե` ի՜նչ տարան աշխարհքից։ 1918, Փետրվարի 4
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ, Հեռվից անթիվ ձեռքերով. – Ջա՜ն, հայրենի՛ անտառներ, Դուք եք կանչում ինձ ձեր քով։ 1918, Փետրվար
Աշնան ամպին ու զամպին, Մոլոր նըստած իր ճըմբին, Լոռու հանդում մի արտուտ Նայում է միշտ իմ ճամփին։ 1918, Փետրվար
Կըլթացնում են, արտորում Արտուտները արտերում, Թըռչում մանուկ հոգուս հետ, Ճախրում, ճըխում եթերում։ 1918, Հունիս
…Կյանքն ահա.- Սընունդ, ծընունդ մինչև մահ, Մընացածը ողջ նըրանց Կամ հաճույքն են և կամ ահ։ 1918, Օգոստոսի 30
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան. Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։ 1918, Նոյեմբեր
Նա մի առյուծ, ես մի գառ Իմ սրտի հետ խելագար Անհավասար կռվի մեջ, Քարշ եմ գալի ես տկար։ 1919, Հունվարի 25
Մեռա՜ն, մեռա՜ն … Եվ, ահա, Խառնվել են կյանք ու մահ. Չեմ հասկանում աշխարհքի «Կան ու չկան» ես հիմա։ 1919, Հոկտեմբերի 8
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն, Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն. Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի… Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն… 1919 Նոյեմբերի 21
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին, Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին. Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի, Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։ 1919, Նոյեմբեր
Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ, Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ. Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ, Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։ 1919, Նոյեմբեր
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր. Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։ Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր, Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։ 1919, Նոյեմբեր
Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ, Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ. Վըռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին, Կյանքըս թեթև տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ։ 1919, Դեկտեմբերի 6
Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն. Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն. Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի. Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։ 1919, Դեկտեմբերի 8
Մեր կյանքը- կարճ մի վերելք, Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք, Ապրել անախտ, անցնել անհաղթ – հոգիանալու նորեն, Նյութից զատված, անմահ աստած- վերադառնալ դեպ իրեն։ 1919
Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ, Տեղըդ իմաց տուր` գըտնեմ, Ման եմ գալի էս մըթնում Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։ 1920, Փետրվարի 4
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կենքի հետ լինեի. Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի. Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի, Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի… 1920, Մայիսի 12
Լուսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում, Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի հողն եմ ես հակվում. Էսպէս էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր Կայծակնահար կաղնին ոտքի` չորանում է օրեցօր։ 1920, Նոյեմբերի 24
Առատ, անհատ` Աստծու նըման` միշտ տեղալուց հոգն էլ եմ ես. Հոգիս ծարավ` սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես. Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շըռայլ անհաշիվ, Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես։ 1921, Փետրվարի 7
Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր. Ես լըսում եմ Նրա անլուռ կանչն ու շունչը ամենուր. Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունչը ամենուր։ 1921, Փետրվարի 14
Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու, Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու` Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ Դէպ Արևելքն աստվածային` հայրենիքը իմ հոգու… 1921, Մայիսի 1
Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում, Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,- Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ, Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։ 1921, Մայիսի 2
Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ. Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ, Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։ 1921, Մայիսի 3
Ասի. «Հէնց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ»… Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ. – Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես, Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես: 1921, Մայիսի 6
Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ, Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ, Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ` Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նրա մոտ… 1921, Մայիսի 16
Բարձր է հնուց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ. Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ՝ Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար, Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարեդար։ 1921, Մայիսի 21
Ո՜վ անճառ մին, որ ամենին միացնում ես մի կյանքում, Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,- Ողջ ազատ են ու հարազատ` Էս աշխարհքում քեզանով, Ողջը քո մեջ` անմա՜հ, անվերջ` քեզ են երգում քո ձենով… 1921, Օգոստոսի 3
Աստծու բանտն են տաճարները- աշխարհքներում բովանդակ. Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։ Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին, Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։ 1921, Օգոստոսի 25
Կյանքս արիր հրապարակ, ոտքի կոխան ամենքի. Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։ Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին… Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին… 1921, Սեպտեմբերի 5
Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան, Ծիածանը նարոտ եղավ, ամէնքի սերն` ավազան. Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ, Ու կնքողը Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։ 1921, Հոկտեմբեր
Ամեն մի սիրտ ցավով լցվեց մեր դարում, Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց մեր դարում. Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց բովանդակ Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում։ 1921
Աղբյուրները հընչում են ու անց կենում, Ծարավները տենչում են ու անց կենում, Ու երջանիկ ակունքներին երազուն` Պոետները կանչում են ու անց կենում։ 1922, Հունիսի 9
Ի՜նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին. Ընկեր տըվավ, իրար կապեց Էս աշխարհքում ամենքին. Բանաստեղծին թողեց մենակ, մե՜ն ու մենակ իրեն պես, Որ Իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին։ 1920, Մարտի 30
Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում, Էնքան տըրտում կորան լավերն իմ սըրտում… Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին` Ե՛րբ են փայլել ուրախ օրերն իմ սըրտում։ 1922, Հուլիսի 12
Խայամն ասավ իր սիրուհուն.- «Ոտըդ ըզգույշ դիր հողին, Ո՜վ իմանա ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմա…»: Հեյ ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։ 1920, Ապրիլի 6
Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր. Անդարձ ու հին ճամփաներ, Ովքե՞ր անցան ձեզանով, Ո՞ւր գնացին ճամփաներ։ 1922
― Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին. Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին. Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր, Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։ 1922, Հուլիսի 8
– Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։ Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։ Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն, Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։ 1922, Օգոստոսի 24
Հայաստան աշխարհում մի փոքրիկ անկյուն կա, անտեսված գուցե, բայց կարևոր մի վայր, որտեղ անտրտունջ գյուտարարն է ապրում, դրկից են ու հարազատ իրար գիտնականը, հողագործը, անտառաճանաչը, իսկական մարդիկ, բոլորը բարի ու հավասար։ Այնտեղ, որտեղ կանաչուտ է ու մաքուր օդ, հայկական շնչով է ամեն տուն։ Մի քանի շենքեր են, բնակիչները մի տան պես ապրում են, կիսում իրար հոգս ու երջանկություն։
Հիմա Գիտավանի օդում յասամանի բույրն է, ամպերին նայելիս էլ թվում է, թե էլ ոչ մի տեղ չկա տեսարանի նմանը։ Թփերը խիտ-խիտ շարվել են, թեթև հովից էլ խշշում են ու սիրտս լցնում գիտավանյան մաշված – սիրված զրույցներով։
Խորենի «բարի լույս»-ով էր սկսվում օրը Գիտավանում։ Առաջին վաղ արթնացողներից էր, որովհետև կովերին ջուր պիտի հասցներ ու տաներ արոտ։
Խորենը հարևանության կարևոր գույներից է, կիսաճերմակ գլխով շատ բան է անցել, բայց հումորը միշտ գրպանում է քաղցր շաքարի պես։Նա խոսում է կեսբարբառով կամ կեսգրական բառերով համեմում խոսքը։
Պատշգամբում ժպտադեմ ծխում է ու ագահորեն սուրճը կուլ տալիս մյուս հարևանս՝ բարի Վիտոն։ Կյանքի խաղում միամիտ է Վիտոն, փոքրիկ երեխայի պես էլ նայում է աշխարհին։ Իր բաժին բախտն էլ դա է։ Չունի դժգոհություն, չի չարանում։ Բայց նրանից չէ, որ հարուստ ու անդարդ է, հակառակը․․․ Չգիտեմ՝ քանի տարեկան է, բայց ինչպես ինքն է ասում՝ «իմ թայերը թոռ ունեն»։
Արևի հետ դուրս է գալիս պատշգամբ, երեկոյան արևի հետ գնում տուն Վիտոն։ Ծանոթ-անծանոթ անցորդ անպայման արժանանում են նրա բարևին։ Նրա գործն էլ այս աշխարհում արևի պես է՝ ջերմություն, բարություն, մի կտոր լույս կտա։ Պատրաստակամ է, անկախ տարիքից՝ ինքը կվազի հարևանի կանչին, կգնա նրա համար խանութից հաց կամ կարագ կբերի, թե մեկն էլ մի քաղցր, համով բան շնորհակալության փոխարեն մեկնի, Վիտոն վերցնելիս երեխայի պես կամաչի, կուրախանա։
Ահա Խորենը, առաջն առած կովերին, հետները խոսելով, ժպտադեմ քայլում է ծառերի միջով, որտեղով և մոտակա ինստիտուտ աշխատանքի են գնում մյուս հարևաններս։ Ինչպես ասում են, նրանք էլ գիտությամբ են զբաղվում, համեստ ու գլխիկոր մարդիկ։
Ահա այսօր էլ ճանապարհը նույն կածանով մեկտեղվել էր։ Որպես աշխարհ տեսած մարդ՝ Խորենն այս անգամ էլ սկսեց համայն աշխարհից խոսել ու իր կարծիքն ասել Պուտինի և հայոց բանակի մասին։ Հարևանը լսում էր թե չէր լսում, դժվար էր կռահել նրա մեղմ ժպիտից։
Ժամ ժամի Գիտավանն աննկատ լցվում էր մանկան ձայն ու աղմուկով՝ խլացնելով հարևաններիս զրույցը հեռվում։ Հետո օրը սկսում էր եռալ։
***Անժելի տղան փոքր էր, մի շեկլիկ ու խելոք տղա։ Գոհարի Արթուրը շատ չարաճճի էր, մի օր եկավ – լացացրեց էս խեղճին, ասաց՝ լացի՛, նա էլ ասաց՝ «չե՜մ լացիիի» ու լացելով գնաց տուն։ Անժելը դուրս եկավ ՝ «քա Արթուր, արի ստեղ, Էդոն մեռե՞, որ կըսես Արման լացի»։ Իսկ Էդոն Արթուրի հայրն է․․․
***Երկու քույր են ապրում երկու շենք ներքև, երկուսն էլ ամուսնացած չեն,տարիքն առած, Բաքվից էին գաղթել ու բախտով հասել այստեղ, Խորենն էլ խղճացել է, մի փեսացու գտել, եկել ասում է՝ «Անյա եք, Նոնյա եք, գյա որ մեկդ որ կուզեք, ծանոթացնեմ, ամուսնացեք, գացեք-ապրեք ձեր հըմար», քույրերն էլ կոպիտ մերժում են կիսահայերեն՝ «նյետ, չյենք ուզում»։ Խորենն էլ բարկացել է՝ «դե գացեք,մացեք տանը,հըը՜ ․․․»։
***
Երեկոյան Խորենը վերադարձավ գինովցած, բակում հանիպեց հարևանուհուն, բարևեց, խոնարհվեց,թե՝ «իմ անուշ հարևան, դու գինաս ես ինչքան կսիրիմ ձեզի»,բայց խոսքի կեսը բերանում ՝ երկրորդ հարկի պատշգամբից լսեց կնոջ ձայնը՝ «վայ քեզ մարդ ասողի,Խորեն տղա, հորթը ո՞ւր թողիր – եկար»։ Խորենը կնոջը թողեց անպատասխան, հարևանուհուն ասաց՝ «հարևան ջան, իմ կնիկնա, ոչինչ, թող ջղայնանա, ես ներողական մարդ իմ»․․․ Անոն էլ՝ Անիչկան, մի ուրիշ սիրուն գույն է, քաղցր ձայն ունի, երբ փոքր էի, միասին հաց էինք ուտում հարևաններով,Անոն երգում էր՝ «ճամփորդ ես, ճամփի՜դ ղուրբան »․․․ ես ուզում էի մի ուրախ՝ ինձ հասկանալի երգ երգեր, չէի սիրում էդ երգը, իսկ հիմա կարոտում եմ․․․
Հայաստանում մեր տան պատուհանը բացվում է բնության գրկում, դիմացը շենք չկա, ծառեր են, թուփ ու ծաղիկ մինչև խորախոր անտեսանելի հատվածը․․․ Ու ինձ համար անսովոր է ապրել այժմ բարձրահարկում, որի դիմաց շենք կա, որի պատուհանները կամ պատուհաններում ապրող կյանքերը նայում են իրար։
Անսովոր է ու հետաքրքիր երբեմն։
Օրեր առաջ երեկոյան ձյուն էր մաղում, երբ լուսավորվեցին փողոցները լույսիկներով դեղնավուն, լուսավորվեց նաև դիմացի տներից մեկի ճաշասենյակը, և պատուհանից տեսանելի դարձավ տան ներսը։ Ես հանկարծ նկատեցի այնտեղ ապրող տարեց մի զույգի, անդորրավետ հայացքով նայում էին իրար։ Սեղանը դրված էր պատուհանին շատ մոտ, ծաղկակար վարագույրը, երկու մասի կիսահավաք, թույլ էր տալիս բաժին վերցնել գեղեցիկ տեսարանից։ Նրանք նստել էին մեկմեկու մոտիկ ու էնպես էին դրել աթոռները, որ լինեն դեմուդեմ։ Խնամքով ու հետաքրքրությամբ նայում էին իրար խոսելիս, շոյում մեկը մյուսի ձեռքը։ Զրուցում էին ու ճաշում, ու բնականաբար ինձ լսելի չէր նրանց ձայնը նման հեռավորությունից ու ձմեռվա շնչից վախեցած փակ պատուհանից, բայց ես զգում էի, թե ինչ քաղցր ու տաք են խոսում․ ջերմացնող էր։
Տղամարդը, որ ալեհեր էր, կնճիռներով, կքած-ծերացած,
երիտասարդի ժպիտով ու կեցվածքով հյուրասիրում էր կնոջը, կինը ճերմակած գլուխը հակում
էր ամաչելով, ժպիտով հավանության նշան տալիս։
Ճաշից հետո անջատվեց լույսը։ Ես մնացի ժպիտով, մտորումներումս անուններ հորինեցի նրանց համար, ենթադրեցի, որ իբր գնացին` միասին գիրք կարդալու քնից առաջ կամ հին նկարներով ալբոմ նայելու․․․