(հատվածներ)

Հայաստան աշխարհում մի փոքրիկ անկյուն կա, անտեսված գուցե, բայց կարևոր մի վայր, որտեղ անտրտունջ գյուտարարն է ապրում, դրկից են ու հարազատ իրար գիտնականը, հողագործը, անտառաճանաչը, իսկական մարդիկ, բոլորը բարի ու հավասար։ Այնտեղ, որտեղ կանաչուտ է ու մաքուր օդ, հայկական շնչով է ամեն տուն։ Մի քանի շենքեր են, բնակիչները մի տան պես ապրում են, կիսում իրար հոգս ու երջանկություն։

Հիմա Գիտավանի օդում յասամանի բույրն է, ամպերին նայելիս էլ թվում է, թե էլ ոչ մի տեղ չկա տեսարանի նմանը։ Թփերը խիտ-խիտ շարվել են, թեթև հովից էլ խշշում են ու սիրտս լցնում գիտավանյան մաշված – սիրված զրույցներով։

Խորենի «բարի լույս»-ով էր սկսվում օրը Գիտավանում։ Առաջին վաղ արթնացողներից էր, որովհետև կովերին ջուր պիտի հասցներ ու տաներ արոտ։

_ Վիտալի՜, բարլուս։ Էտ ինչըղ էլի առավոտ շուտ կծխիս, թարգա այ մարդ։

Խորենը հարևանության կարևոր գույներից է, կիսաճերմակ գլխով շատ բան է անցել, բայց հումորը միշտ գրպանում է քաղցր շաքարի պես։Նա  խոսում է կեսբարբառով կամ կեսգրական բառերով համեմում խոսքը։

Պատշգամբում  ժպտադեմ ծխում է ու ագահորեն սուրճը կուլ տալիս մյուս հարևանս՝ բարի Վիտոն։ Կյանքի խաղում միամիտ է Վիտոն, փոքրիկ երեխայի պես էլ նայում է աշխարհին։ Իր բաժին բախտն էլ դա է։ Չունի դժգոհություն, չի չարանում։ Բայց  նրանից չէ, որ հարուստ ու անդարդ է, հակառակը․․․ Չգիտեմ՝ քանի տարեկան է, բայց ինչպես ինքն է ասում՝ «իմ թայերը թոռ ունեն»։

Արևի հետ դուրս է գալիս պատշգամբ, երեկոյան արևի հետ գնում տուն Վիտոն։ Ծանոթ-անծանոթ անցորդ անպայման արժանանում են նրա բարևին։ Նրա գործն էլ այս աշխարհում արևի պես է՝ ջերմություն, բարություն, մի կտոր լույս կտա։ Պատրաստակամ է, անկախ տարիքից՝ ինքը կվազի հարևանի կանչին, կգնա նրա համար խանութից հաց կամ կարագ կբերի, թե մեկն էլ մի քաղցր, համով բան շնորհակալության փոխարեն մեկնի, Վիտոն վերցնելիս երեխայի պես կամաչի, կուրախանա։

 Ահա Խորենը, առաջն առած կովերին, հետները խոսելով, ժպտադեմ քայլում է ծառերի միջով, որտեղով և մոտակա ինստիտուտ աշխատանքի են գնում մյուս հարևաններս։ Ինչպես ասում են, նրանք էլ գիտությամբ են զբաղվում, համեստ ու գլխիկոր մարդիկ։

 Ահա այսօր էլ ճանապարհը նույն կածանով մեկտեղվել էր։ Որպես աշխարհ տեսած մարդ՝ Խորենն այս անգամ էլ սկսեց համայն աշխարհից խոսել ու իր կարծիքն ասել Պուտինի և հայոց բանակի մասին։  Հարևանը լսում էր թե չէր լսում, դժվար էր կռահել նրա մեղմ ժպիտից։

Ժամ ժամի Գիտավանն աննկատ լցվում էր մանկան ձայն ու աղմուկով՝ խլացնելով հարևաններիս զրույցը հեռվում։ Հետո օրը սկսում էր եռալ։

***Անժելի տղան փոքր էր, մի շեկլիկ ու խելոք տղա։ Գոհարի Արթուրը շատ չարաճճի էր, մի օր եկավ – լացացրեց էս խեղճին, ասաց՝ լացի՛, նա էլ ասաց՝ «չե՜մ լացիիի» ու լացելով գնաց տուն։ Անժելը դուրս եկավ ՝ «քա Արթուր, արի ստեղ, Էդոն մեռե՞, որ կըսես Արման լացի»։ Իսկ Էդոն Արթուրի հայրն է․․․

***Երկու քույր են ապրում երկու շենք ներքև, երկուսն էլ ամուսնացած չեն,տարիքն առած, Բաքվից էին գաղթել  ու բախտով հասել այստեղ, Խորենն էլ խղճացել է, մի փեսացու գտել, եկել ասում է՝ «Անյա եք, Նոնյա եք, գյա որ մեկդ որ կուզեք, ծանոթացնեմ, ամուսնացեք, գացեք-ապրեք ձեր հըմար», քույրերն էլ կոպիտ մերժում են կիսահայերեն՝ «նյետ, չյենք ուզում»։ Խորենն էլ բարկացել է՝ «դե գացեք,մացեք տանը,հըը՜ ․․․»։

***

Երեկոյան Խորենը վերադարձավ գինովցած, բակում հանիպեց հարևանուհուն, բարևեց, խոնարհվեց,թե՝ «իմ անուշ հարևան, դու գինաս ես ինչքան կսիրիմ ձեզի»,բայց խոսքի կեսը բերանում ՝ երկրորդ հարկի պատշգամբից լսեց կնոջ ձայնը՝ «վայ քեզ մարդ ասողի,Խորեն տղա, հորթը ո՞ւր թողիր – եկար»։ Խորենը կնոջը թողեց անպատասխան, հարևանուհուն ասաց՝ «հարևան ջան, իմ կնիկնա, ոչինչ, թող ջղայնանա, ես ներողական մարդ իմ»․․․ Անոն էլ՝ Անիչկան, մի ուրիշ սիրուն գույն է, քաղցր ձայն ունի, երբ փոքր էի, միասին հաց էինք ուտում հարևաններով,Անոն երգում էր՝ «ճամփորդ ես, ճամփի՜դ ղուրբան »․․․ ես ուզում էի մի ուրախ՝ ինձ հասկանալի երգ երգեր, չէի սիրում էդ երգը, իսկ հիմա կարոտում եմ․․․

***

Առվակը քչքչալով հոսում էր ու ծիծաղ տալիս։