Ձյունը համբուրում էր բաց գլուխը։ Չէր էլ հասցնում աչքերով կուլ տալ երկնքի հրաշքը, թարթիչներին խաղում ու ծանրանում էին փաթիլները։ Սկսեց մրսել, բաց պարանոցին զգաց սառնությունն ու մատները բնազդաբար տարավ գրպանը, փնտրեց, չգտավ․․
Անցնում էին մարդիկ անտարբեր ՝ փութալով հասնել ժամ առաջ տուն։ Մնացել էին հաշված ժամեր։ Նստել, լուռ հետևում էր խառնիփնթոր անցնորդներին։ Ո՞ւր են շտապում..
Իսկ ի՞նքը։ Քաղաքը,կարծես, բոլորինն էր ու իրենը չէր։ Պարզ հայացքը մշուշվեց, աչքերը ջուր առան․ ցրտի՞ց էր։ Բարի ու հանգիստ ժպիտը խաղաց դեմքին։ Հիշեց, թե ինչպես վարդագույն օրերում հպարտանում էին իրենով, սիրում, գնահատում։ Ինչպես էին անցնելիս մոտով բարի ժպտում։ Հո՞գս․ հոգսը միշտ էլ կար, պարզապես հոգսը չէր չարացնում այն ժամանակ։ Այսօր ուրիշ է, անճանաչելիորեն ուրիշ։ Դրկիցին չէր ճանաչում, կարոտում էր հներին, երբ կողք կողքի պատմություն էին հյուսում միասին։
Ինչո՞ւ եղավ այսպես։ Ինչո՞ւ է ջնջվում պատմությունը, չէ որ անցյալը միշտ էլ ներկայի հայելին է եղել․․
– Դու դեռ այստե՞ղ ես,- լսվեց դիմացի անկյունից վեր խոյացած, նորաձև ու երկայնահասակ դրկիցի ձայնը։
– Ես միշտ եմ լինելու,- պատասխանեց խռովված ձայնով։
– Դու անտեր ես, ինչպես և մենք, դու կգնաս, քեզ կմոռանան, մեզ էլ են մոռանալու, ուղղակի քեզ տարեցները շուտով կտանեն իրենց հետ, մենք երիտասարդների գլխում ենք դեռ։
– Իսկ քաղաքը․․կարծում ես ՝ չի՞ հիշելու ինձ, ինձանից առաջ գնացած իմ ընկերներին։Քաղաքն ունի՛ հիշողություն, քաղաքը կպատմի նոր սերունդներին․․
Սլացող մեքենան իր մայթակուլ աղմուկով խլացրեց դրկիցների ձայնը։
Ձմռան պարզկա գիշերը վերջին «բարի գիշեր»-ը բերեց նրան, բայց նա աչք չփակեց։ Կարոտն էր փորձում առնել, քամում էր հիշողությունները։ « Ո՞ւր են տերերս, ինչո՞ւ անտեր մնացի »։
– Կարաբալա՛․․ Կարաբալա՛․․
– Այստեղ եմ, դեռ այստեղ եմ․․
– Խնդրում եմ, եղի՛ր․․դու պիտի ամեն եկող սերնդի ամեն ծաղկիդ հետ տաս մեր քաղաքի շունչը, բոլորի հետ հիշիր նաև ինձ․․խնդրում եմ, եղի՛ր, ընկերս․․
– Ես էլ եմ անտեր, մենք անիծված ենք, մեզանից առաջ գնացած մեր ընկերներն անիծել են ․․
– Չէ-չէ՛․․
Չկարողացավ խոսքը շարունակել ծերուկը, լուռ գրկեց զամբյուղն ու անճարությունից արցունքները խեղդեց գիշերվա մթության մեջ։
Միամիտ քաղաքը քուն մտավ։ Ու ժամեր անց առավոտվեց ձմեռվա սառն, անտարբեր, փշաքաղեցնող «բարի լույս»- ով․․
Արամի 30,
2016 թվական