Հայաստանում մեր տան պատուհանը բացվում է բնության գրկում, դիմացը շենք չկա, ծառեր են, թուփ ու ծաղիկ մինչև խորախոր անտեսանելի հատվածը․․․ Ու ինձ համար անսովոր է ապրել այժմ բարձրահարկում, որի դիմաց շենք կա, որի պատուհանները կամ պատուհաններում ապրող կյանքերը նայում են իրար։

Անսովոր է ու հետաքրքիր երբեմն։

Օրեր առաջ երեկոյան ձյուն էր մաղում, երբ լուսավորվեցին փողոցները լույսիկներով դեղնավուն, լուսավորվեց նաև դիմացի տներից մեկի  ճաշասենյակը, և պատուհանից տեսանելի դարձավ տան ներսը։ Ես հանկարծ նկատեցի այնտեղ ապրող տարեց մի զույգի, անդորրավետ հայացքով նայում էին իրար։ Սեղանը դրված էր պատուհանին շատ մոտ, ծաղկակար վարագույրը, երկու մասի  կիսահավաք, թույլ էր տալիս բաժին վերցնել գեղեցիկ տեսարանից։ Նրանք նստել էին մեկմեկու մոտիկ ու էնպես էին դրել աթոռները, որ լինեն դեմուդեմ։ Խնամքով ու հետաքրքրությամբ նայում էին իրար խոսելիս, շոյում մեկը մյուսի ձեռքը։ Զրուցում էին ու ճաշում, ու բնականաբար ինձ լսելի չէր նրանց ձայնը նման հեռավորությունից ու ձմեռվա շնչից վախեցած փակ պատուհանից, բայց ես զգում էի, թե ինչ քաղցր ու տաք են խոսում․ ջերմացնող էր։

 Տղամարդը, որ ալեհեր էր, կնճիռներով, կքած-ծերացած, երիտասարդի ժպիտով ու կեցվածքով հյուրասիրում էր կնոջը, կինը ճերմակած գլուխը հակում էր ամաչելով, ժպիտով հավանության նշան տալիս։

Ճաշից հետո անջատվեց լույսը։ Ես մնացի ժպիտով, մտորումներումս անուններ հորինեցի նրանց համար, ենթադրեցի, որ իբր գնացին` միասին գիրք կարդալու քնից առաջ կամ հին նկարներով ալբոմ նայելու․․․

Կանադա, 2020